Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Դավիթ Սարգսյան. Ինչ առաքելություն ունի «Վարդգես Սուրենյանց. Կենսամատենագիտություն» գիրքը

Դավիթ Սարգսյան. Ինչ առաքելություն ունի «Վարդգես Սուրենյանց. Կենսամատենագիտություն» գիրքը
19.04.2022 | 17:56

Խորհրդանշական է, որ Ազգային գրադարանում գրքի, գիտելիքի և ընթերցանության այս շքերթը մեկնարկում է հայոց հոգևոր-մշակութային հանճարի խտացումը հանդիսացող հսկայի՝ Վարդգես Սուրենյանցի «Կենսամատենագիտության» շնորհանդեսով:

Խոստովանեմ, որ այս գիրքը նախատեսված էր հրատարակել տարիներ առաջ, սակայն, ինչ-ինչ հանգամանքների պատճառով, այն հետաձգվեց և ընթացք ստացավ միայն Աննա Չուլյանի Ազգային գրադարանի տնօրեն նշանակվելուց հետո, որի համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում նրան: Բայց, ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց բարիք: Մատենագիտությունը կազմող, Ազգային գրադարանի բազմամյա և փորձառու աշխատակցուհի Աիդա Ադամյանն այդ ժամանակը սեփական նախաձեռնությամբ օգտագործել է նյութերն առավել ամբողջացնելու, լրացնելու, վերանայելու ուղղությամբ և հատել ժամանակային այն սահմանագիծը, որն ի սկզբանե էր նախատեսված՝ հասցնելով այն մինչև 2020 թվական, ներառելով նոր սկզբնաղբյուներ, նաև՝ էլեկտրոնային կայքերում Վարդգես Սուրենյանցի վերաբերյալ նյութերը:
Փորձեմ հնարավորինս համառոտ ներկայացնել խնդրո առարկա մատենագիտական հետազոտությունը՝ անդրադառնալով այն հարցերին, թե ում և ինչի մասին է գիրքը, և ինչ առաքելություն ունի:


Այս գիրքը հայոց մշակութի արքայական պատմուճանը կրող, ցավալիորեն, ըստ արժանվույն, համակողմանի և ամբողջական, մանրամասնորեն տակավին չուսումնասիրված, չհանրահռչակված և չգնահատված հանճարի մասին է, որի վրձնով արարվեց և ձևավորվեց մեր պատմանկարչությունը, մի ազնվական մեծության մասին, որը բացառիկ էր իր տեսակով, իր բազմաժանր մշակույթով և ստեղծագործությամբ: Անվարան կարելի է պնդել՝ եթե Սուրենյանցը ազգությամբ իտալացի կամ հոլանդացի, ռուս կամ ֆրանսացի լիներ, ապա միջազգային արվեստագիտական հանրույթի կողմից կդասվեր համաշխարհային գեղանկարչության և մշակույթի ամենաբարձր գագաթների շարքին: Բայց նախ, մե՛նք խնդիր ունենք ճանաչելու և իմաստավորելու նրա ստեղծագործական ժառանգությունը և մշակութային գործունեությունը իր ամբողջության մեջ և գնահատելու այն:

Այս գիրքը հենց այդ ուղեցույցն է, որն ուսումնասիրողին, արվեստի գիտնականին կառաջնորդի դեպի Սուրենյանցի ստեղծագործական բազմախորհուրդ աշխարհ, դեպի նրա մտահոգությունների և մտահղացումների ծիրը, դեպի նրա կենսագրության մանրամասներ, հատկապես, հասարակական-մշակութային գործունեության իրողությունների գանձարանը, որտեղ մուտք գործելու բանալին հրամցնում է ներկայիս ամփոփ մատենագիտությունը՝ ցուցանելով Սուրենյանց մարդու և մտավորականի արխիվի, նրա մշակութային էության մանրամասներ և ամբողջական կերպարի բացահայտման մեծ ու փոքր թիրախներ:
Կարճ ասած, այս գիրքը Վարդգես Սուրենյանց մարդու, նկարչի և մտավորականի, մշակութային գործչի կյանքի և ստեղծագործության համահավաք տեղեկատվական շտեմարանն է, որտեղ ժամանակագրական և ժանրային կարգով ամփոփված մատենագիտական տվյալները հղում են դեպի Սուրենյանցի հեղինակային և նրա վերաբերյալ սկզբնաղբյուրներ: Իսկ դրանք բազմազան են՝ ուսումնառությունից մինչև կյանքի ավարտը և հետայդու նրա մասին եղած հրապարակումներ՝ հոդվածներ, տեսանյութեր, հիշատակություններ, մասնակցություն տարբեր ցուցահանդեսների և այլն: Վերջինիս առումով, կցանկանայի շեշտել, որ զարմանալիորեն նրա կենդանության օրոք կազմակերպվել է ընդամենը մեկ անհատական ցուցահանդես՝ Բաքվում, 1901 թվականին:


Նկարչի ստեղծագործության դերի և նշանակության, նրա ստեղծագործական ժառանգության գնահատականը լավագույնս և ամենայն խորագիտությամբ տվել է մեր ճանաչված արվեստագետ-արվեստաբան Մարտին Միքայելյանը մատենագիտական ժողովածուի առաջաբանում: Ի դեպ, գրքում մեջբերված են Սուրենյանցի որոշ մտորումներ և դիտարկումներ մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև նրա ստեղծագործության գնահատականներ՝ մի շարք նշանավոր մշակութային գործիչների կողմից՝ սկսած պատանի Սուրենյանցի ջրաներկ աշխատանքին Հովհաննես Այվազովսկու գնահատակից մինչև Վահան Հարությունյանի դիպուկ բնորոշումը, թե Սուրենյանցը հայոց գեղանկարչության մեջ նույնն է, ինչ Թումանյանը՝ գրականության և Կոմիտասը՝ երաժշտության:


Պարտավոր եմ, ինչպես ասում են, դառնալ և փառաբանել Մատենագիտությունը կազմող Աիդա Ադամյանին, որը բարեխղճորեն, ամենայն սիրով և պատասխանատվությամբ է կատարել այս հսկայածավալ և ժամանակատար աշխատանքը՝ ուսումնասիրելով ամենատարբեր աղբյուրներ՝ մամուլից մինչև գրքային հավաքածուներ, արխիվային նյութերից և պատկերասրահների պահոցներից մինչև էլեկտրոնային կայքեր: Բավական լայնածավալ է ոչ միայն աշխատանքի աշխարհագրությունը, մշակութային ոլորտների բազմազանությունը, այլև ժամանակագրությունը՝ 1880-ականների սկզբից առ 2020 թվական: Եվ դա թելադրված է Սուրենյանցի ստեղծագործության և հետաքրքրությունների շրջանակների բազմազանությամբ:

Բավական է նշել, որ նրա ստեղծագործական կյանքում հոգևոր-եկեղեցական և ռեալիստական գեղանկարչությունը զուգորդվել է որմնանկարչությամբ, գրաֆիկական աշխատանքներով, բեմական նկարչությամբ, մամուլի, ամսագրերի նկարազարդումներով, գրքերի ձևավորմամբ, արվեստագիտական հոդվածներով, թարգմանություններով (նա տիրապետում էր տասը լեզվի), ճանապարհորդական նոթերով, հասարակական-մշակութային գործունեությամբ (հիշենք Քալանթարյանի, Ադոնցի և Տեր-Վարդանյանի հետ 1915 թ. Պետերբուրգում Գեղեցիկ արվեստների հայկական ընկերություն հիմնելու փաստը, հիշենք մեր նկարչության փաղանգի՝ Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի և Փանոս Թերլեմեզյանի ՝ Թիֆլիսում Հայ արվեստագետների միություն հիմնադրելու նախաձեռնությունը 1916 թվականին) և այլն: Սուրենյանցը մեր իրականության մեջ առաջին նկարիչն էր, որ ներմուծեց մատենանիշ-էքսլիբրիսի մշակույթը՝ հեղինակելով այն Բուլգակովի գրադարանի համար: Մատենագետի ուշադրությունից չեն սպրդել նաև Սուրենյանցի ժառանգության մաս կազմող, նրա և նրա մասին տարատեսակ փաստաթղթերը, նամակները, ձեռագրերը, սևագրերը, էսքիզները, բնագրերի և վերատպությունների, լուսանկարների ցանկերը, ոչ գրքային տարբեր հրատարակությունները (բացիկ, ազդագիր,) և այլ նյութեր, որոնք առանձին բաժիններով ընդգրկված են մատենագիտական ցանկերում: Միայն դրանց թվարկումն ինքնին խոսում է կատարված հսկայածավալ աշխատանքի մասին:


«Վարդգես Սուրենյանց. Կենսամատենագիտություն» գիրքը մի աշխատանք է, որտեղ մատենագիտական հղումների վերծանումը կբացահայտի նաև ժամանակի մշակութային միջավայրի, մշակութային իրադարձությունների և հասարակական բազմաճյուղ իրողությունների էական մանրամասներ, որոնց մասնակից կամ ականատես է եղել Սուրենյանցը, որոնց արձագանքել է նա:
Ըստ իս, Վարդգես Սուրենյանցը իր արվեստով լավագույնս իրականացրեց այն, ինչը Դանիել Վարուժանը որպես առաջնահերթություն կարևորում էր գրականության համար՝ Ազգային հիմքի վրա համամարդկային գաղափարների արտահայտում: Դրա վառ վկայությունն է Սուրենյանցի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը: Դա փաստում են դասական այնպիսի արժեքներ, ինչպես «Աստվածամայրը Մանկան հետ», «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ», «Սալոմե», «Ջարդից հետո», «Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը», բազմաթիվ այլ ստեղծագործություններ ու կտավներ:


Վարդգես Սուրենյանցը ծնվեց հայոց մշակութային մեծերի էպիկենտրոնում՝ Ախալցխայում 1860 թվականին, շրջեց աշխարհով մեկ, ապրեց օտար երկնքի տակ, պատկերեց կյանքն իր ուրույն հայացքով և ոճով, երկնեց բազմաթիվ մտահղացումներ, և իր բազմաթիվ ստեղծագործություններում հարազատ մնաց ազգային նկարագրին, երկնեց հայկական թեմաներով գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որպիսին է, օրինակ, Էջմիածնում հայ գաղթականների պատկերաշարը: Նա պահպանեց և զարգացրեց, կանոնակարգեց ավանդական և արդի գեղագիտական պատկերացումներն ու աշխարհընկալումը: Սուրենյանցն իր մահկանացուն կնքեց 1921 թվականին, ընդամենը 61 տարեկանում, Յալթայի հայկական եկեղեցու պատերին իր գույներով և պատկերներով շունչ ու հոգի ներարկելու ժամանակ՝ անավարտ թողնելով իր էսքիզներն ի կյանս կոչելու գործը: Այդ եկեղեցու բակում է հանգչում հայոց գեղանկարչության հանճարի մարմինը:


Այս մատենագիտական աշխատանքը ես համարում եմ իրադարձություն մեր մշակութային կյանքում, գրականագիտության և արվեստագիտության ոլորտներում, որը խթան կհանդիսանա նորովի անդրադառնալու Սուրենյանցին, համակողմանի և ամբողջական ուսումնասիրելու նրա ժառանգությունը: Չեմ բացառում, որ չնայած մատենագիտական պատշաճ աշխատանքին, այնուամենայնիվ, կարող են լինել ինչ-ինչ բացթողումներ, որոնք ենթադրաբար կապված կլինեն օտարալեզու տեղեկատվական աղբյուրների հետ: Հայցում եմ ընթերցողի ներողամտությունը և առաջարկում լրացնել բացը համապատասխան առաջարկություններով, որ կարծում եմ սիրով կընդունվի թե գրադարանի ղեկավարության, թե կազմողի կողմից: Կատարվել է հիմնարար աշխատանք, որի համար պետք է երախտագետ լինենք Հայաստանի ազգային գրադարանի աշխատակցուհի Աիդա Ադամյանին, գրադարանի տնօրինությանը: Ինչպես ասում են, գնդակն այժմ գտնվում է արվեստի գիտակների, ուսումնասիրողների և գիտնականների դաշտում, ում հրամցված է Սուրենյանցի զարմանահրաշ աշխարհ մուտք գործելու ոսկե բանալին:
Իսկ ինձ համար մեծ պատիվ է լինել «Վարդգես Սուրենյանց. Կենսամատենագիտություն» գրքի խմբագիրը:

Դիտվել է՝ 7210

Մեկնաբանություններ